Posted in Uncategorized

Զահրատ

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004)ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:

Ոսպ ստկող կինը

Ոսպ մը – ոսպ մը – ոսպեր – ոսպ մը – քար մը – ոսպ մը – ոսպ մը – քար մը
Կանաչ մը – սև մը – կանաչ մը – սև մը – քար մը – կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով – քար ոսպի քով – հանկարծ բառ մը – բառ ոսպի քով
Հետո բառեր – ոսպ մը – բառ մը – բառ բառի քով – հետո խոսք մը
Ու բառ առ բառ խոլ բարբառ մը – հինցած երգ մը – հին երազ մը
Հետո կյանք մը – ուրիշ կյանք մը – կյանք կյանքի քով – ոսպ մը – կյանք մը
Դյուրին կյանք մը – դժվար կյանք մը – ինչու դյուրին – ինչու դժվար
Բայց քով քովի կյանքեր – կյանք մը – հետո բառ մը – հետո ոսպ մը
Կանաչ մը – սև մը – կանաչ մը – սև մը – ցավ մը – կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը – սև մը – քար մը – ոսպ մը – քար մը – քար մը – ոսպ մը:

Leave a comment