Posted in Հայոց Լեզու

Ես եմ

Ես Մարինե Գալստյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց ընդունվել եմ 2018 թվականին: Այս երեք տարիների ընթաացքում շատ բան հասցրի վերցնել դպրոցից. սովորեցի առօրյաս ճիշտ դասավորել և ժամանակս ավելի արդյունավետ օգտագործել:
Մինչև ավագ դպրոց գալս մտածում էի, թե բավականին բարդ կլինի նոր միջավայրում տեղս գտնելն ու համակերպվելը: Առաջին տարին իսկապես խճճված էր ինձ համար: Առաջին հերթին անսովոր էր թուղթ ու գրչից անցումը համակարգչի, բայց արդեն մեկ-երկու ամիս անց ինքս էի նախընտրում համակարգչով աշխատել, քանի որ այդպես հնարավորություն ունեի ժամանակ խնայելու: Այդ տարվա հաջորդ ձեռքբերումն այն է, որ սովորեցի ազատ ներկայանալ և կարծիքս արտահայտել, որի հնարավորությունը չունեի նախկին դպրոցում: Իսկ ճամփորդությունների շնորհիվ ավելի ինքնուրույն դարձա, որոշ չափով էլ ավելի պատասխանատու:
Շատերի հետ ծանոթացա այդ տարի և, իհարկե, ավելի հետաքրքիր ու զվարճալի էին անցնում օրերս, քան պրոդուկտիվ ու կարգավորված: Ներկայումս դպրոցում ունեմ մի քանի կարևոր ընկերներ, որոնց հետ շփվում եմ մոտ երեք տարի արդեն: Այս փորձառությունը, կարծում եմ, կօգնի համալսարանում կողմնորոշվել շփման հարցում:
Դպրոցից դուրս կարևոր քայլ էր այն, որ նույն տարում սկսեցի հաճախել երաժշտական դպրոց՝ կիթառի դասընթացների, առաջին անգամ մասնակցեցի համերգի, որը, իհարկե, մեծ համերգ չէր, սակայն դեռ բավականին աշխատանք և կոմպլեքսների հաղթահարում էր պահանջում:Մասնագիտության հարցում տասներորդ դասարանում դեռ համոզված էի, որ թարգմանիչ եմ դառնալու. սիրում էի ու սիրում եմ լեզուներ սովորել, թարգմանություններ անել և նույնիսկ քերականական վարժություններն եմ հաճույքով կատարում:
Տասնմեկերորդ դասարանի մասին արդեն խոսել եմ այդ տարվա ձեռքբերումներս ներկայացնելիս: Այդ տարի սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ամեն ինչին, ավելի շատ կարդալ, ավելի ուշադիր լինել դասերին և այլն:
Ինչ վերաբերում է երաժշտությանը՝ որոշեցի ինքս ինձ մարտահրավեր նետել՝ ավելի բարդ երաժշտություններ և երաժշտության հատվածներ նվագելով: Մի համերգի էլ մասնակցեցի ձմռանը, իսկ գարնանը պետք է առաջին մեծ համերգին մասնակցեի, սակայն համաճարակի պատճառով դա տեղի չունեցավ:
2020 թվականի սկզբին՝ տասնմեկերորդ դասարանի երկրորդ կիսամյակին, սկսեցի հետաքրքրվել փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ: Փիլիսոփայության մեջ, ինչպես շատերին, ինձ «ներքաշեց» Նիցշեն: Ինքնամեկուսացման շրջանում խորացա այդ առարկայի մեջ այնքան, որ հիմա որպես մասնագիտություն ընտրել եմ փիլիսոփայությունը: Մեծամասնության համար դա անպետք առարկա է թվում, բայց փիլիսոփայությունը ամբողջ կյանքի հիմնասյունն է ու շատ այլ մասնագիտությունների նման սահմանափակ չէ:
Թեմայից շեղվելով՝ նշեմ, որ հաջողություն եմ համարում և այն, որ ամռանը սովորեցի հեծանիվ վարել: Առաջին անգամ փորձելուց հետո կարծում էի՝ երբեք չեմ կարողանա, բայց ընկերներիս օգնությամբ վերջապես հաջողվեց:
Տասներկուերորդ դասարանում միակ ափսոսանքս այն է, որ այլևս չեմ հաճախում երաժշտական դպրոց, որովհետև չէի կարծում, թե կկարողանայի ընդունելության քննության պարապմունքների հետ համատեղել:
Այս տարի, կարծում եմ, ավելի լավ եմ տիրապետում հայոց և անգլերեն լեզուներին և ավելի հաճույքով եմ հայոց պատմություն սովորում: Ուրախ եմ, որ տասներկուերորդ դասարանում կարդացի ու վերլուծեցի Դավիթ Անհաղթ և Եզնիկ Կողբացի, որոնց վերաբերյալ նաև պրեզենտացիա եմ ներկայացրել: Այնուհետև կարդացի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը  պատրաստվում եմ շուտով ներկայացնել:
Այսքանով ամփոփում եմ ավագ դպրոցում անցածս ուղին: Երեք տարվա ընթացքում շատ բան կարողացա անել, հետաքրքիր ժամանակ անցկացրի դպրոցում ու հատկապես ճամփորդություններին: Կյանքիս այս փուլը միշտ ժպիտով կհիշեմ, քանի որ գոհ եմ, որ հենց այս դպրոց որոշեցի ընդունվել: